Ի դեպ. Զրպարտանքի, վիրավորանքի եւ փոխհատուցման մասին
Ի դեպԻ դեպ, օրեր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով էր ներկայացվել ԱԺ փոխանագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին։ Այս նախագծով վիրավորանքի ու զրպարտության դեպքերում փաստացի մեծացվում են մամուլից պահանջվող փոխհատուցումների չափերը։ Եթե նախկինում վիրավորանքի դեպքում անձը կարող էր պահանջել նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում,ապա օրենքի այս նախագծով առաջարկվում է փոխհատուցման գումարի չափ սահմանել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը։
Զրպարտության դեպքում անձը կարող էր պահանջել նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում, այս նախագծով՝ 10000-ապատիկի չափով։ Հանձնաժողովի անդամները հիմնականում ողջունել են նախաձեռնությունը, խոսել են դրա արդյունավետությունից: Իսկ ինքը՝ պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասել է, մեջբերում եմ. «Ես՝ որպես մարդ, որ այս պահին ունի 6 դատական հայց զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ՝ նախագիծը կզսպի մարդկանց՝ ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը, ինչպես նաև ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի այդ աղբից, որն այսօր լցված է համացանցում:
Կարծում եմ՝ այս քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով նաև ուշացած» : Այն, որ վերջին տարիներին ավելացել են զրպարտանքի ու վիրավորանքի դեպքերը եւ խնդիրը լուծում է պահանջում, կարծես ակնհայտ է, այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները, թեեւ անզեն աչքոով էլ դա նկատելի է։ Բայց մի՞թե նախաձեռնության հեղինակը իսկապես կարծում է, թե խնդրի լուծումը փոխհատուցումների կամ տուգանքների մեծացումն է։ Իսկ գուցե պետք էր հանրային քննարկում անցկացնել, լրագրողական կազմակերպությունների կարծիքը հաշվի առնել, թե՞ ավելի հեշտ է վերցնել ու նման նախագիծ ներկայացնել։
Իսկ գուցե պետք էր ուսումնասիրել համաշխարհային փորձը եւ տեսնել, որ խնդրի լուծման այլ տարբերակներ էլ կան, որոնք արտադատական են, որոնք, ասենք այսպես, չեն խրախուսում լրատվամիջոներին դատարաններ քարշ տալը եւ չեն ծանրաբեռնում դատական քաշքշուկներով, վերջում էլ չեն կանգնեցնում սնանկանալու եւ փակվելու վտանգի առջեւ։ Ի դեպ, արտադատական այդ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ որոշակի քայլեր արվել են նաեւ Հայաստանում, օրինակ՝ էթիկայի դիտորդ մարմնի ստեղծումը։ Գուցե պետք է ստեղծել մեկ այլ մարմին, որը իրավասություն կունենա հարցերը քննել իրավական հարթության մեջ, մի խոսքով տարբերակներ կան։ Եւ պետք չէ որեւէ խնդիր լուծելու, կամ որեւէ բարեփոխում անելու համար աչքը տնկել քաղաքացու, այս դեպքում ԶԼՄ-ների գրպաններին։ Նման գործելաոճ մենք տեսել ենք նախընթաց տարիներին։ Պետք չէ գնալ այդ ճանապարհով։