Ի դեպ. Հարավկովկասյան երկաթուղու հարցում հայ-ռուսական «հաշտեցման» մասին
ADTVԻ դեպ, ներքին ու արտաքին քաղաքական ակտիվ զարգացումների համապատկերում կարծես ստվերում մնաց Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության կողմից օրերս տարածված մի հայտարարություն, որ վերաբերում էր Հարավկովկասյան երկաթուղու գործունեությանը։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հետ քննարկումների արդյունքում տարակարծություններն և տարաձայնությունները հարթվել են, կողմերը համաձայնագիր են ստորագրել, արձանագրելով նաև պահանջների բացակայությունը ներդրումային ծրագրի իրականացման առումով:
Այս հայտարարությունը բավական ուշագրավ է, եթե հիշենք հարավկովկասյան երկաթուղու հետ կապված սկանդալային բացահայտումներն ու հայտարարությունները այստեղ տեղ գտած չարաշահումների, յուրացումների ու կոռուպցիոն այլեւաայլ սխեմաների մասին։ Այս աղմուկն առաջացավ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր կառավարությունը որոշեց ստուգել երկաթուղու աշխատանքը: Սկանդալային բացահայտումների մասին հայտարարությունները, այդ թվում ՀՀ վարչապետի կողմից, շատ ցավագին ընդունվեց Ռուսաստանում, թեեւ ստուգումները տեղի էին ունենում ընդհանրապես համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում եւ խոսք անգամ չկար կոնկրետ ռուսական ընկերություններին թիրախավորելու մասին։
Այդուամենայնիվ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Գորչակովի հիմնադրամի տեսակապի ժամանակ, անդրադառնալով գազի գնին, առիթը բաց չէր թողել խոսել այս թեմայով, նշել էր, որ ճիշտ է, դաշնակցները պետք է տնտեսական առավելություններ ստանան, սակայն «դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում»։Մեջբերում եմ. «Տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների փոխհարաբերություններին»:
Ու մինչ Հայաստանում հետեւում էին, թե ինչպես են քրեական գործերը ննջում նախաքննության փուլում, պարզվեց, որ այդ ժամանակն օգտագործվել էր բանակցությունների ու համաձայնության համար։ Մի կողմից սա շատ վատ է այնքանով, որ կարծես թե ակնհայտ, նման դեպքերում ասում են ենթադրյալ, չարաշահումները ընթացք չեն ստանա։Մյուս կողմից՝ լավ է, որ վերացվեց կամ հարթվեց խնդիրը քաղաքական հարթության մեջ՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Մնում է, որ մոռացվեն կառավարման նախկին մեթոդներն ու հայ մարդը, օրինակ Վրաստանի կայարանում, վրացական երկաթուղու կայարանում, չամաչի հայկական երկաթուղու մոտեցող շարժակազմի համար։ Հարավկովկասյան երկաթուղու վիճակն իսկապես ամաչելու է։