Ինչպես արդեն ArmDaily.am-ը տեղեկացրել էր, ՍԴ-ն վարույթ չի ընդունել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումը։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր ՍԴ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասով: Հենց այդ ժամանակ էլ քննարկում էր ծավալվել, որ 26 պատգամավորի ստորագրությունը բավարար չի լինի հարցը քննության հասցնելու համար:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումն իրենց համար անակնկալ չէր. «Մենք գիտեինք այդ 26-27 հոգու ստորագրությունների հետ կապված խնդիրները։ Մենք ենթադրում էինք, որ հնարավոր է այսպիսի հանգուցալուծում լինի և մեզ համար դիմում հանձնելը դա քաղաքական մեսիջ էր, քաղաքական ակտ էր առ այն, որ մենք համաձայն չենք այդ գործընթացների հետ, որոնք կատարվում էին ՍԴ-ի շուրջ և մեր գնահատական այն էր, որ դրանք չեն համապատասխանում Սահմանադրությանը։ Հիշեցնեմ, որ հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները, մենք նույնատիպ դիմում ենք ներկայացրել ՍԴ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, որտեղ սահմանադրական բոլոր նորմերը պահպանված են։ Նոր դիմումը նոր բովանդակությամբ և արդեն իսկ բավարար ստորագրություններով գտնվում է ՍԴ-ում։ Սա մեզ համար անակնկալ չէր, մենք շատ լավ պատկերացնում էինք, թե ինչ պետք է լինի, նորմալ, բնականոն քաղաքական ընթացք է»։
Դիտարկմանը՝ ինչ ակնկալիքներչ ունեն երկրորդ դիմումից, պատգամավորը նշեց, որ իր կարծիքով ՍԴ-ն այն վարույթ կընդունի.«Քանզի բոլոր նորմերը պահպանված են։ Իսկ ինչ վերաբերում է մնացած ընթացքներին, ապա չեմ կարող ասել, թե ինչպես կընթանա վարույթը և ինչ որոշում կընդունվի։ Առայժմ զերծ կմնամ մեկնաբանություններից՝ չընկնելով առաջ»։

