«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի վիճակը կայուն է, բայց շատ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մի քանի խնդիր ունի միաժամանակ՝ սուր սրտամկանի ինֆարկտ, թոքերն են ծանր վիճակում, թոքաբորբ է, ջուր է հավաքվում, ոտքերը այտուցված են։ Բուժումը ստանում է, կայունացել է վիճակը, բայց պետք է այդ ծանր վիճակից դուրս գա»,- ասաց Փոստանջյանը։
Հիշեցնենք, երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին տեղեկանք ներկայացրեց «Էրեբունի» բկ-ից այն մասին, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

