Արտակարգ դրության 5-րդ երկարաձգումը արդեն եղելություն է, բազմաթիվ սահմանափակումներ հանվում են։
Հանուն արդարության պետք է արձանագրել, որ իշխանությունները այս ընթացքում ականջալուր են եղել քննադատություններին եւ սահմանափակումները վերացնելիս հաշվի են առել ընդդիմախոսների բերած փաստարկները։
Եւ այսպես, արտակարգ դրության 5-րդ ամսում ինչ է փոխվում մեր կյանքում։
1. Հավաքների, գործադուլների արգելքը վերացվում է
2. Ընտանեկան, ժամանցային միջոցառումներ կարող են անցկացվել մինչև 40 մարդու մասնակցությամբ
3. ՀՀ քաղաքացիություն չունեցողները կարող են մուտք գործել Հայաստան, պարզապես պետք է թեստավորվեն։
4. Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը վերացվում է, դիմակը պարտադիր կլինի տրանսպորտում, այդ թվում` տաքսիում։
5. Հանրային բաց տարածքներում դիմակը պարտադիր է, սակայն բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում այդ պահանջը չի գործի։
6. Գրադարանները և թանգարանները կվերաբացվեն, թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա։
Արտակարգ դրության այս ամիսներին այս բոլոր սահմանափակումների վերաբերյալ քանիցս քննադատություններ են հնչել իշխանությունների հասցեին։ Մասնավորապես՝ հավաքների ազատության սահմանափակումը մեծ շահարկումների առիթ էր դարձել, քաղաքական հակառակորդները հայտարարում էին, որ արտակարգ դրությունը երկարաձգում են հենց այդ հիմնարար իրավունքը սահմանափակելու համար, ինչի պատճառով Հայաստանը դեռ խնդիրներ կունենա եվրոպական ատյաններում։ Այժմ սահմանափակումը վերացված է, ցանկացած ժամի ցանկացած վայրում ազատ եք բազմամարդ հավաքնել անցկացնել, միայն թե պետք է լինել դիմակով եւ սոցհեռավորություն պահպանել։
Այնպես որ, հարգելի ընդդիմախոսներ, ինչու ոչ՝ նաեւ իշխանական պաշտոնյաներ, սպասում ենք ձեր բազմամարդ հավաքներին, չէ՞ որ երկուսդ էլ բողոքում էիք այս սահմանափակումից։
Տարօրինակ է, որ հավաքների դեպքում քանակական սահմանափակում չկա, բայց ավանդական տաշի-տուշիների դեպքում պետությունը սահմանել է մինչեւ 40 հոգու մասնակցություն՝ ըստ էության ամենաշատ տուժած ոլորտին՝ ռեստորանատերերին այդպես էլ հնարավորություն չտալով նորմալ աշխատել։ Իհարկե, ճաշակի եւ հնարավորությունների հարց է հարյուրավոր մասնակիցներով միջոցառումների կազմակերպումը, բայց մեզանում դա ավանդույթ է եւ իր մեջ մեծ տնտեսական բաղադրիչ է պարունակում՝ ընդգրկելով շահառուների մեծ բանակ՝ ռեստորան, երաժիշտ, նկարահանող անձնակազմ եւ այլն։
Սեփական մեքենայում առանց դիմակ երթեւեկելու արգելքը հանելը ուշացած էր։ Ի սկզբանե այդ որոշումը «կապել էին» քաղաքացիների գլխին, որպեսզի ոստիկաններին նեղություն չտան հավելյալ ստուգել բոլորին։ Այժմ դիմակների արգելքը պահպանվում է տաքսիներում եւ երթուղայիններում, սակայն նույն տաքսիները կարող են հեռացնել մակնշումը եւ մեքենան վարել սեփականի անվան տակ։
Պարետատունը առաջիկայում պետք է անդրադառնա օդային սահմանի բացմանը, այժմ, օրինակ, բանակցություններ են ընթանում ՌԴ-ի հետ, որտեղ մեկնելու պահանջարկը մեծ է։ Հետեւաբար՝ մյուս նորամուծությունը, թե ՀՀ քաղաքացիություն չունեցողները կարող են գալ Հայաստան, առնվազն ճշգրտման կարիք ունի՝ ում մասին է խոսքը՝ այլազգիների, զբոսաշրջիկների, թե ազգությամբ հայերի, որ երկրներից կարող են գալ, թեստավորումը իրենց հաշվին է լինելու, թե պետության։ Իսկ օդային սահմանը բացելու առումով առաջին հերթին պետք է լուծվի ՌԴ մեկնելու հարցը, ինչպես նաեւ այն հանգստավայրերի հարցը, որտեղ պատրաստ են մեզ ընդունել՝ ԱՄԷ, Եգիպտոս եւ այլ երկրներ։
Արտակարգ դրության 5-րդ ամսվա մյուս նորամուծությունը՝ հանրային վայրերում դիմակի պարտադիր եւ բնության գրկում ոչ պարտադիր լինելու մասով եւս ճշգրտման կարիք ունի։ Հիմա քաղաքի տարբեր հատվածներում գտնվող այգիները բնության գի՞րկ են, թե հանրայի՞ն վայր, սպառիչ ցանկը պետք է թվարկել եւ արդյոք այս դրույթը հաշվի առնելով՝ հնարավոր չէ չեղարկել Սեւանի ափին կամ Աշտարակի ձորում, այսինքն՝ մաքուր բնության գրկում, դիմակ չդնելու համար տուգանված քաղաքացիների տույժերը։
Մյուս խնդիրը եւս լուծվեց, գրադարանները և թանգարանները կվերաբացվեն, թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա, ի դեպ, սա եւս կարելի էր ավելի շուտ որոշել, այնպես չէ՞ որ տասնյակ հազարավոր մարդիկ են հաճախում թատրոն, գրադարան եւ հակահամաճարակային կանոնները հնարավոր չի լինելու պահպանել։
Փաստացի՝ այս ընթացքոմ տեսանք, թե որոնք էինք իսկապես գործող եւ արդյունավետ որոշումներ, որոնք՝ մեխանիկական արտագրումներ եւ մտասեւեռումներ։ Մնում է հուսալ, որ հետայսու եւ հատկապես ուսումնական տարվա մեկնարկի հարցում ծայրահեղություններ եւ չտրամաբանված քայլեր չեն լինի։

