Հուլիսի 19-ից գազը թանկացել է խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար, այդ թվում նաև ԱԳԼՃԿ-ների համար, իսկ բնակչության համար բնական գազի սակագինը մնացել է անփոփոխ։
ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն անդրադառնալով ԱԳԼՃԿ-ներին, նշեց, որ գների բարձրացումն այստեղ ևս սպասված էր, քանի որ ԱԳԼՃԿ-ները մտնում են այն սեգմենտի մեջ, որը սպառում է 10 հազար խորանարդ մետրից ավելի բնական գազ, իսկ այս սեգմենտի համար նախատեսված էր սակագնի բարձրացում շուրջ 5 տոկոսով. «Բնականաբար մենք կարող ենք ակնկալել նաև այնպիսի զարգացում, որ ընդհանուր սակագնային քաղաքականության վերանայումը կարող է ունենալ մուլտիպլիկատիվ էֆեկտ ամբողջ տնտեսության համար և անշուշտ դա կարող է և ամենայն հավանականությամբ կանդրադառնա նաև տրանսպորտային ընդհանուր համակարգի վրա։ Եթե խոսքը գնում է հանրային տրանսպորտի մասին, ես չեմ կարծում, որ այստեղ կունենանք ակնթարթային ինչ որ փոփոխություններ, որովհետև հանրային տրասպորտի սակագնի զսպման ռեսուրս դեռ առկա է և ուղղակի անդրադարձ այստեղ չի լինի»։
Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ գազի գնի բարձրացումը կանդրադառնա ընդհանուր վերամշակող տնտեսությունների, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների վրա. «Աշնանը մենք կտեսնենք առաջին դրսևորումները, սակայն կարող ենք ասել, որ եկող տարի մենք կկարողանանք հստակ զուգահեռներ անցկացնել, և ըստ կանխատեսումների եկող տարի շուկայում ընդհանուր գների աճը կարող է լինել 5-7 տոկոսի չափով՝ պայմանավորված գազի սակագների վերանայումով»։

