Ստեղծված իրավիճակում նրա հեռանալն ամենաճիշտ որոշումն էր։
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց մարզական մեկնաբան Արման Աբելյանը՝ խոսելով ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանի մասին։
«Վանեցյանի հրաժարականի կարիքը կար, որովհետև նա ինչքան եղել է ֆեդերացիայի նախագահ, հիմնականում չի զբաղվել նախագահի պարտականություններով։ Գործընթացը օգնականներն են ղեկավարել։ Եվ ինչպես հարցազրույցներից երևում էր ՝ Վանեցյանը լավ ծանոթ չէր իրավիճակին։ Այս իրավիճակում լավ է, որ այսպես եղավ։ Մենք նրա ղեկավարության ժամանակ աշխատելու կոնկրետ ծրագիր, ֆուտբոլի զարգացման ռազմավարություն չունեցանք»-,նշեց մեկնաբանը։
Նրա խոսքով՝ նոր նախագահի հավանական թեկնածու դեռևս չկա, անուններ չեն շրջանառվում։
Դիտարկմանը, որ երեկ վարչապետի խորհրդական, ՀՖՖ գործկոմի անդամ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ, խոսելով հայկական ֆուտբոլի առողջացման մասին նշել էր, որ կտրուկ փոփոխություն է պետք՝ ընդհուպ ավագի փոփոխություն, ով այսօր մեղմ ասած թքած ունի հավաքականի վրա, մեկնաբանը պատասխանեց.
«Կարծում եմ, ֆուտբոլին մոտ կանգնած ցանկացած մարդ չի համարձակվի նման հայտարարություն անի, որովհետև ճշմարտության ոչ մի հատիկ չկա։ Ես մոտ 2 տարի առաջ այդպիսի մի հոդված էի գրել, որ նրան պետք է զրկել ավագի թևկապից, բայց դա այն ժամանակ, երբ իրավիճակն ուրիշ էր ու խնդիրները կային։ Հիմա արդեն շատ բան է փոխվել, և նախկին մարզչի օրոք Մխիթարյանը սկսեց ամենալավ ֆուտբոլը խաղալ, իսկական ավագ ու առաջատար է։ Այսօր նման հայտարարություն անող մարդը երևի առհասարակ չի հետևում ֆուտբոլին, դա ծիծաղելի հայտարարություն է»։
Հիշեցնենք, որ երեկ Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։
Տաթև Կոստանդյան
