ՀՖՖ գործկոմի նիստում քննարկումը եղել է բացառապես ֆուտբոլային և որոշման պատճառները նույնպես ֆուտբոլային են։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՀՖՖ գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը։ «Պետք է ֆիքսել, որ պարոն Վանեցյանի հրաժարականը եղել է ֆուտբոլային և գործկոմը ողջունել է պարոն Վանեցյանի՝ պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը, բայց, միաժամանակ, գործկոմը իր պատասխանատվությունն է գիտակցում ֆուտբոլի առողջացման գործում և առաջիկա մեկ ամիսը գործկոմի միակ գործն է լինելու ՀԿ-ների ցուցակը մաղելը»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ ՀՖՖ-ի ընթացիկ կառավարմամբ կզբաղվի Արմեն Մելիքբեկյանը։
Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե հարաբերությունները լարված լինեին՝ բոլորն իրար կողք կանգնած չէին լինի։ «Եկեք չքաղաքականացնենք, թե քաղաքական դաշտում ով ինչ հայտարարություն կանի և ինչ գործունեություն կծավալի՝ յուրաքանչյուրի անձնական գործն է։ Մենք այստեղ քննարկել ենք բացառապես ֆուտբոլային հարցեր։ Ես եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել՝ թողնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որովհետև, ինչ-որ մեկը պետք է վերցներ պատասխանատվությունը այն պարտության, որ մենք կրեցինք Իտալիայի հավաքականից։ Ես այդ պատասխանատվությունը վերցեցի իմ վրա»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն այսօր գործկոմի նիստ էր հրավիրել, որից հետո լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ գործկոմի անդամներին առաջարկել է ընդունել իր հրաժարականի դիմումը:
