Ի դեպ, նախօրեին ավարտվեց Եվրո 2020-ի որակավորման փուլը։Հիմա կասեք՝ շուտ պիտի ավարտված լիներ, աչքներս չտեսներ այդ խայտառակությունը։Խոսքը բնականաբար Հայաստանի հավաքականի վերջին հանդիպման մասին է՝ Իտալիայի հզոր հավաքականի հետ։ Սա այն դեպքն է, երբ իտալացիները հանգիստ կարող են ասել՝ ինչքան ուզեմ, էդքան խփեմ։ Մերոնք էլ, դե ինչքան կարողացան։Արդյունքում ստացվեց 9։1։Հանդիպումից հետո համացանցը հեղեված էր դառը հումորով։Մեկն ասում էր լավ է, գոնե ժամը 12-ից հետո էր ուղիղ հեռարձակումը, մյուսը, թե հազար ասինք՝ էդ Ստամբուլյան կոնվենցիան արագ վավերացրեք, էս ինչ բռնություն է, եւ այսպես շարունակ։
Իրականում ամեն ինչ շատ զվարճալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։Որակավորման փուլի ընթացքում իհարկե դրվագային հաջողություններ էլ ունեցանք, նույնիսկ հույսեր արթնացնող պահեր եղան, երբ մեր հավաքականը պահպանում էր երկրորդ հորիզոնականում հայտնվելու հեռանկարը։ Բայց վերջնարդյունքում հանգրվանեցինք մեզ շատ սազական նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում։ Իհարկե, կարելի է մեղադրել գլխավոր մարզչին, քննադատել 5 պաշտպանով խաղալու նրա ընտրած տակտիկական սխեման, բայց ներեցեք, տպավորությունն այնպիսին է, որ ի՞նչ հինգ, 11 հոգով էլ որ պաշտպավեինք, էլի անօգուտ էր լինելու։ Իհարկե՝ կարելի է նաեւ արդարացնել, կամ արդարացնող ինչ որ բաներ գտնել, թե մարդը նոր է նշանակվել, դեռ պիտի հարմարվի, դիմացն էլ՝ դե Իտալիայի նման հզոր հավաքական էր։
Ամեն ինչ կարելի է ասել, բայց դրանից բան չի փոխվում, դրանից մեր ֆուտբոլը ֆուտբոլ չի դառնում։Ինքը՝ գլխավոր մարզիչն էլ, ստանձնելով հավաքականի ղեկը, գիտակցոււմ էր, թե առջեւում ինչեր են սպասվում։ Հանդիպումից հետո էլ հայտարարել է, որ իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը։ Խաշմանյանը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ, եթե ֆեդերացիայի ղեկավարությունը համարի, որ ինքն է այս ֆիասկոյի պատասխանատուն։ Իսկ եթե ոչ, ապա պետք է արմատապես փոխել իրավիճակը, քանի որ ոչինչ չի համապատասխանում հավաքականի մակարդակին:Դժվար է ասել, թե ինչ կորոշի ֆեդերացիայի ղեկավարությունը, եւ ընդհանրապես այդ ղեկավարությունն էլ իր տեղում կմնա՞, թե ոչ։Բնականաբար, հիմա պիտի ակտիվանան պահանջները՝ փոխելու ֆեդերացիայի նախագահին, գործկոմի կազմն ու մարզչական շտաբը։Բայց դա էլ իրավիճակից ելք չէ։
Նորից պիտի հիշեմ Մեր հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար շալանդի խոսքերը․ «Ես, կարծես, խոհարար լինեմ, եթե ունեմ խավիար, լավ ձկներ, լավ միս, ես կարող եմ պատրաստել հարսանեկան աղցան, իսկ եթե ունեմ լավ բանջարեղեն, կարող եմ պատրաստել լավ ապուր:Հիմա մեր ունեցածը ոչ աղցան է, ոչ էլ ապուր։ Տեսնես ե՞րբ կլինի, որ մեր ունեցածը համապատասխանի մեր ախորժակին։Թե՞ մեր ախորժակը դեռ երկար պիտի զսպենք․․․
