Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու նրա երկու տեղակալները՝ Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը, ազատվել են պաշտոնից։
Այս պաշտոնանկության հետ կապված մի քանի վարկած է շրջանառվում։ Ըստ հիմնական վարկածի՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ գերագույն հրամանատար հասկացությունը դուրս է գալիս եւ նման կարգավիճակ լինում է միայն պատերազմական իրավիճակում, լուծարվում է նաեւ ռազմական տեսուչի ինստիտուտը։
Այդ կառույցը ձեւավորվելու է ՊՆ-ի կազմում՝ իբրեւ ռազմական վերահսկողական ծառայություն, բնականաբար ունենալով սահմանափակ լիազորություններ, ցածր կարգավիճակ, ըստ այս վարկածի՝ Մովսես Հակոբյանը եւ նրա տեղակալները նշանակվելու են այս կառույցում։
Մյուս վարկածի համաձայն՝ այս շղթայական ազատումը հնարավոր է ինչ-որ սկանդալային պատմության հետեւանք է, «բոլոլա» է եղել, որի հետեւանքով Փաշինյանը, իր բնավորության համաձայն, գրչի մի հարվածով ազատվել է երեք պաշտոնյաներից էլ։
Քանի դեռ պաշտոնական բացատրություն չկա, վարկածների թիվը եւ աշխարահագրությունը դեռ կմեծանա։ Իսկ առայժմ կարող ենք արձանագրել, որ հերթական «բայեվոյ» գեներալը դուրս եկավ խաղից, առհասարակ երկրում գեներալ, գնդապետ կոչում ունեցող բարձրաստիճան քիչ պաշտոնյա կա։
Մյուս կողմից էլ՝ հեղափոխությունից հետո, երբ բազմաթիվ գեներալներ, զինվորականներ հայտնվեցին բարիկադների մյուս կողմում՝ դառնալով իշխանության թշնամի, ենթակվելով քրեական հետապնդման, Մովսես Հակոբյանը այն եզակիներից էր, ով շարունակեց հանգիստ պաշտոնավարել։ Ավելին՝ մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում, որ հենց նա է ցուցմունքներ տալիս իր նախկին գործընկերների դեմ, ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների հարաբերությունները լարում։
Հակոբյանին անգամ հեղափոխությունից հետո խաղից դուրս չմնալը շատերը բացատրում էին ԱԽքարտուղար Արմեն Գրիգորյանի հետ ունեցած հարաբերություններով, Գրիգորյանը Հակոբյանի քրոջորդին է։
