ArmDaily.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալիկ Պետրոսյանը նոյեմբերի 15-ին կալանավորվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Պետրոսյանն ու Հարությունյանը մոտ հարաբերություններ են ունեցել դեռ ՕԵԿ-ին անդամակցության տարիներից։ Նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Պետրոսյանին պատկանող ընկերությանը Հարությունյանը գումարներ է փոխանցել, որոնք հետագայում վերադարձվել են Հարությունյանին։ Այսինքն,նրան մեղադրում են Հարությունյանի փողերի լվացմանը օժանդակելու մեջ։
Ընկերության տնօրենը, որին փաստացի գումարը փոխանցվել է, Ալիկ Պետրոսյանի որդին է, սակայն ըստ ամենայնի՝ հայրը պատասխանատվությունը վերցրել է իր վրա, որպեսզի որդին ազատության մեջ մնա։
Այս գործով՝ իրավապահ մարմինները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, թե «ՄԱՊ»-ը խոշոր արտահանող ընկերություն է և գործով աղմուկը կարող է վնասել ընկերության գործարար համբավին։
Առայժմ փաստաբանական խումբը նույնպես լռություն է պահպանում։
Փորձեցինք տեղեկություններ ստանալ գործարար Սիլվա Համբարձումյանից, ում հաղորդման հիման վրա է Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել, վերջինս ասաց, որ տեղյակ չէ այդ գործից, որեւէ կապ եւ մասնակցություն չունի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին տեղեկատվություն էր տարածվել, որ Պետրոսյանը ձերբակալվել է, սակայն փաստաբանի՝ ձերբակալության որոշման դեմ բողոք ներկայացրնելուց հետո գործարարն ազատ էր արձակվել, սակայն արդեն հաջորդ օրը նրան կալանավորել էին։ Պետրոսյանի որդին ազատության մեջ է:
Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։
