Կարծես թե Հայաստանը մոտենում է քաոտիկ վիճակի, թեև ամենևին պարտադիր չէ, որ հայտնվի քաոսի մեջ։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանը։ Նա ընդգծեց, որ տրանսգենդերի ֆիլմի նկարահանման համար հատկացված միջոցների, առհասարակ, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումներն ամենևին լոկալ ու ներհայաստանյան խնդիր չէ։
«ՈՒշադրություն դարձրեք, թե ինչ է կատարվում հենց հիմա Վրաստանում։ Այնտեղ էլ նմանատիպ մի ֆիլմ ֆինանսավորվեց, նկարահանվեց, ցուցադրվեց, հասարակությունն էլ ընդվզեց։ Այսինքն, մենք գլոբալ խաղի մի փոքրիկ մաս ենք։ Հատկապես, տարածաշրջանի երկու քրիստոնեական ավանդույթներ ունեցող երկրները՝ Վրաստանն ու Հայաստանը։ Հիմա խնդիրն այն է, թե մենք որքանով կկարողանանք այդ խաղն ընկալել ու մեր տեղն արձանագրել։ Այն, որ անընդհատ կրկնում եմ հոգևոր անվտանգություն՝ դա ամենևին էլ չի նշանակում բլոկավորվել ու պարսպապատվել, դա ընթացքը հասկանալ և հարմար դիրքավորվել է նշանակում»,- ասաց Հայրապետյանն՝ ընդգծելով, որ Հայաստանն այլընտրանք չունի քան մարդու իրավունքները հարգելը, այլապես մարդիկ Հայաստանից արտագաղթում են։
«Մենք իրավունք չունենք նեղացնելու մարդկանց։ Մինչդեռ հիմա զբաղված են ոչ միայն միմյանց նեղացնելով, այլև միմյանց վրա առայժմ միայն խոսքային կրակահերթեր թողնելով։ Կարծում եմ՝ ֆիլմի առնչությամբ վարչապետի ասածը հենց դա էր՝ հարգեք մարդու իրավունքը, այլապես Հայաստանն ապագա չի ունենա»,-ասաց Հայրապետյանը։
Նրա դիտարկմամբ, իմաստնություն է պետք, որպեսզի կարողանան նմանատիպ երևույթների քարոզի դեմ մեխանիզմներ մշակել։
«Բայց այդ իմաստնությունը մեզանում լրջորեն պակասում է»,-ասաց նա։
Հայրապետյանի խոսքերով, իրականում ոչ թե իշխանության և հասարակության միջև է հակասությունը, այլ իշխանության և որոշակի վրիժառու խմբերի միջև։ Հասարակությունը դեռևս դիտորդի վիճակում է, սակայն երկար չի մնալու այդ դերում և որևէ խրամատ անցնելու է։
«Իշխանության իմաստնությունն այն կլինի, որ այդ խրամատները ջնջի, ոչ թե ավելի խորացնի դրանք, ու ավելի բազմապիսի դարձնի, երբ բոլորը՝ բոլորի դեմ են դուրս գալիս»։
Նա նշեց, որ իրականում հասարակության մեջ կա ցավ, շվարածություն ու դրա պատճառները շատ են, հատկապես, երբ կպնում են ողնուղեղով զգալի իր սրբություններին, օրինակ, երբ կպնում են հայոց լեզվին կամ «հայ» բառով սկսվող բառակապակցություններին, իհարկե նաև սոցիալական վիճակը դեր ունի, քանի որ վիճակի լավացում առայժմ չկա։ Նման լավացում կարող են դատավորները, դատախազները, ոստիկանները տեսնել։
«Ես էլ դասախոս եմ, կոչ եմ անում դասախոսներին՝ կաշառք վերցրեք, հենց կաշառք վերցրեցիք՝ որպեսզի կաշառք չվերցնեք՝ պետությունը կբարձրացնի ձեր աշխատավարձը։ Փիլիսոփայությունն է սխալ հասկանում եք»,-ասաց Հայրապետյանը։
Անդրադառնալով, հայոց լեզուն պարատադիր ուսուցումից հանելուն՝ նա նշեց, որ հայոց լեզուն, միայն առարկա չէ, հայոց լեզուն մեր հոգին է, հանկարծ չհամարձակվեն ասել, որ սա սենտիմենտ է։ «Բոլոր կանայք՝ կին են, սեփական մայրն էլ է կին, բայց ունե՞ս երկյուղածության նման մի բան, որ մորդ որպես կնոջ չնայես, ունե՞ս այդ բարոյականությունը, թե չունես։ Այո, բոլորն առարկաներ են, բայց հայոց լեզուն ավելին է, քան առարկան։ Հայոց լեզվի փոխարեն տավարի քյալա՞ն է պետք դնել ,մենք այս մշակույթով ո՞ւր ենք գնալու»,-ասաց Հայրապետյանը:
Մանրամասները տեսանյութում
