Արցախում սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ սկսված զարգացումները կարծես որոշակիանում են։ Հայաստանի իշխանությունների «սրտի» թեկնածու դառնալու հարցը կարծես լուծված է։ Չնայած այն հանգամանքին, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մինչեւ վերջին պահը հավաստիացնում էր ԱԳնախարար Մասիս Մայիլյանին, թե Փաշինյանին համոզել է եւ Արցախում հանրությունը «օլիգարխ» նախագահ չի ցանկանում տեսնել՝ ի դեմս Արցախի նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի լոբբինգն ավելի ուժեղ էր։
Կարելի է ասել, որ Արցախում Արայիկ Հարությունյան-Մասիս Մայիլյան ընտրական մրցամարտն ավարտվել է Հարությունյանի հաղթանակով, Փաշինյանը վերջնականապես կանգ է առել նրա թեկնածության վրա։ Այժմ Մասիս Մայիլյանը մտորումների մեջ է՝ մտնել արմատական ընդդիմադիր դաշտ, թե Արայիկ Հարությունյանի հետ պայմանավորվել եւ սեփական տեղը ապահովել կառավարությունում։
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը եւս շարունակում է իր ակտիվ հանդիպումները, սակայն նրա ընտրազանգվածը շատ սահմանափակ է։ Վերջին շրջանում ակտիվացել է նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով առաջիկայում համագումար է անցկացնում, նոր, թարմ դեմքեր է հավաքում։
