Ինչպես արդեն հայտնել էինք, թայլանդական բռնցքամարտի նախկին չեմպիոն Աշոտ Բոլյանին մահացած են գտել Մոսկվայում՝ սեփական մեքենայի մոտ։
40-ամյա Բոլյանին սպանել են չորեքշաբթի ՝ նոյեմբերի 13-ին։ Նախկին մարզիկին գնդակահարել են Նախիմովսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի մոտ։ Տղամարդու մարմինը Infiniti մակնիշի ավտոմեքենայի կողքին է եղել։ Նրան հայտնաբերել է տեղի մի բնակիչ, ով կայանել է իր մեքենան։
Այսօր արդեն «Комсомольская правда»-ն մանրամասներ է ներկայացրել սպանության դեպքից:
Հետաքննությունը կարծում է, որ 40-ամյա Բոլյանի վրա կրակողը խլացուցիչ է օգտագործել ։ Այն տան բնակիչները, որի կողքին դիակը հայտնաբերվել է, կրակոցներ չեն լսել։
Փաստաբան Կարեն Ներսիսյանի խոսքով ՝ սպանությունը պատվիրված է եղել։ Իրավաբանն ուշադրության է հրավիրել Բոլյանի վրա կրակած անհայտ անձի մասնագիտական մոտեցմանը ։ «Նա ընդամենը մեկ ճիշտ կրակոց է արձակել։ Նման քրեական գործեր քննելը միշտ էլ հեշտ չէ», - կարծում է Ներսիսյանը:
Նրա կարծիքով ՝ իրավապահները պետք է կասկածյալներ փնտրեն նրանց մեջ, ում ձեռնտու էր վերացնել նախկին մարզիկին։ Նա նաեւ սպանությունը անվանել է 1990-ականների վերադարձ։
Ռուսական ԶԼՄ-ները շարունակում են նոր տեսանյութեր հրապարակել եւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել։ Շրջանառվում է վարկած, որ նրա նկատմամբ հաշվեհարդար են տեսել կրիմինալ գործունեության համար։
Որոշ տեղեկությունների համաձայն Աշոտ Բոլյանի սպանությունը կապված է «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ Անդիկի սպանության հետ։
