Մոսկվայից-Երևան բեռանափոխադրում իրականացնող ընկերությունները բարձրացրել են փոխադրումների արժեքը։ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ գների աճը սեզոնայնությամբ է պայմանավորված։ «Նոր տարվա նախօրեին ապրանքների առաջարկն ու պահանջարկը փոփոխվում է, սրանով էլ պայմանավորված՝ ամեն տարի Ամանորից առաջ բեռնափոխադրող ընկերությունները բարձրացնում են գները։ Այս տարի գները բարձրացել են 300-400 դոլարի չափով։ Օրինակ, Երևանից-Մոսկվա բեռնափոխադրումը նախկինում 2800 դոլար էր, հիմա դարձել է 3100-3200 դոլար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կան ապրանքատեսակներ, որոնց տեղափոխման հետ ընկերությունները խնդիրներ են ունենում ու նրանց համար բավական դժվար է լինում մեքենա գտնելը։ Բանն այն է, որ անհամաչափ գեռբեռնում է լինում, որի հետևանքով նրանք տույժերի են ենթարկվում։ Սրանով էլ պայմանավորված է այն, որ կոնկրետ ապրանքատեսաների համար կարող է բեռնափոխադրման գումարն ավելի բարձր լինել։
Համբարձումյանն ընդգծեց, որ սովորաբար Նոր Տարուց հետո գները նորից վերադառնում են նախկին մակարդակի։ Անդրադառնալով Լարսի անցակետում մշտապես առկա կուտակումներին՝ Համբարձումյանն ասաց, որ հայկական կողմը մշտապես դիմել է ռուսական կողմին՝ անցակետի թողունակությունը բարձրացնելու համար ավելացնել անձնակազմը։
«Սակայն խնդիրն այն է, որ անցակետի տարածքը խիստ սահմանափակ է․ Այսօր օրական մոտ 250 մեքենա բաց են թողնում, բայց միևնույն է, քանի որ նաև պահանջարկն է բարձրացել՝ հերթեր գոյանում են։ Խնդրին փորձ արվեց լուծում տալ ԵՏՄ անդամ պետությունների համար առանձին սպասարկում են իրականացնելով, սակայն իրականում սա էլ խնդիրը չի լուծում ու հերթեր միևնույն է՝ կան»,-ասաց Համբարձումյանը:
