Ի դեպ, մինչ հանրային ու քաղաքական շրջանակների քննարկումներում, պատկերավոր ասած, եռում է քրեական ենթամշակույթը քրեականացնելու թեման, Հայաստանում նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ խոսքը ոչ թե քրեական մշակույթի, այլ շատ կոնկրետ քրեական արարքների՝ երեխաների ապօրինի որդեգրումների մասին է եւ ոչ միայն։ ԱԱԾ-ն այսօր մի հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող ավելի քան 3 տասնյակ երեխաների որդեգրումները՝ խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:
Ըստ ԱԱԾ-ի, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց, առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են հրաժարվել երեխայից ու տալ որդեգրման ամաձայնություն։ Պատկերացրեք՝ որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից կաշառք ստանալ՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց ։ Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Այնտեղից էլ կազմակերպվել է երեխաների որդեգրումը, բնականաբար շահադիտական դրդումներով, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ։ Եթե հիշում եք, բոլորովին վերջերս նման մի դեպքի մասին գրեց մամուլը, երբ 33 ամյա ծննդկանը այդպես էլ չէր համոզվել, որ իր երեխան մահացած է ծնվել եւ հարցնում էր, թե «Որտե՞ղ է երեխայիս մարմինը, եթե նա մահացել է»։
Բայց սա դեռ սկանդալային ողբերության առաջին արարն է։ Ինչ է ուրվագծվում երկրորդ արարում։ Արդյոք այդ որդեգրումները տեղի են ունեցալ այսպես ասած «մարդասիրական մղումներով», թե սրա հետեւում ավելի զարհուրելի իրողություններ են։ Խոսքը երեխաների օրգանների ենթադրյալ վաճառքի մասին է։ Այս պահին նման տեղեկություն չկա, սակայն կասկածներ կան։
Հիշեցնեմ, դեռ 10 տարի առաջ նման կասկածներ ունեցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը։ Իսկ այս տարվա հունվարի 9-ին կառավարության նիստի ընթացքում, երեխաների որդեգրման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այդ կասկածների մասին խոսեց դեռևս փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը։ Եւ երբ հայտարարությունն անհանգստացրեց կառավարության անդամներին ու վարչապետին, Միրզոյանը հավելեց՝ ըստ օդում կախված լուրերի: Օդում կախված լուրերը հհերքում կամ հաստատում են պահանջում, համապատասխան իրավական հետեւանքներով։
