Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են բողոքում Երևանի խցանումներից։ Խցանումների հիմնական պատճառը մեծ ու փոքր վթարներն են։ Այսօր առավոտյան մի քանի կմ ձգվող խցանում էր Գայի պողոտայում, իսկ խցանման պատճառը Բուսաբանական այգու մոտ տեղի ունեցած շղթայական վթարն էր, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկային, իսկ վթարի մասնակիցները սպասում էին ԱՊՊԱ գործակալներին։ Միայն երեկ Երևանում գրանցվել է 136 վթար։
Վթարներից եւ խցանումներից բողոքում են նաև իշխանական ներկայացուցիչները։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը այս առթիվ ֆեյսբուքյան իր էջում անգամ Պարույր Սևակին է հիշել։ Նա մասնավորապես գրել է.
«-ծերանում ենք Պարույր Սևակ, ծերանում ենք սիրելիս
-հասակից ա
-չէ, խցանման մեջ»։
Իսկ երեկ Փամբուխչյանը ֆեյսբուքում լուսանկար էր հրապարակել խցնումից և թույլ նյարդեր ունեցող վարորդներին խորհուրդ էր տվել շրջանցել այդ ճանապարհը. «Ամբողջ Դավիթ Բեկ (Արցախի փողոցից Մասիվ տանող) փողոցն իրեն հատվող փողոցներով (Մուրացան, Աթոյան, Ազատամարտիկներ, Նուբարաշենի խճ. և այլն) պարալիզացված է, ոչ նրա համար, որ դարի վթարն է տեղի ունեցել, այլ մի երկու, երեսունհազար դրամը չգերազանցող վթարների պատճատռով:
Գիտեմ մենք պետք է զբաղվեք, կզբաղվենք ուղղակի նյարդերից թույլ վարորդներ խուսափեք նշածս փողոցներից»:
