Այսօր ԱԺ-ում շարունակվում է քառօրյան։ Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած Գևորգ Պետրոսյան- Արարատ Միրզոյան միջադեպին.«Պետրոսյան Գևորգը շատ հարգալից ներկայացրեց մեր տեսակետը։ Կարաք 7 անգամ միացնեք ու նայեք։ Նա սկզբում էլ ասաց, որ ոչ մեկին վիրավորելու ցանկություն չունի»։ Ծառուկյանը նշեց, որ Պետրոսյանի հետ հանդիպել է.«Ուրիշ ոչ մի բան չի եղել։ Թե չէ մարդիկ եզրակացություններ են անում, հեքիաթներ էին պատմում»։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Պետրոսյանի ներկայացրած նախագծի շուրջ աղմուկը, Ծառուկյանը նշեց, որ իրենք աղմուկ չեն բարձրացրել.«Աղմուկը կարող է մեկնաբանել աղմուկ բարձրացնողը»։ Արման Աբովյանն իր ելույթում նշել էր, որ հալալ է Գևորգ Պետրոսյանին, հարցին՝ Ծառուկյանն էլ է այդպես մտածո՞ւմ, պատասխանեց.«Պետրոսյան Գևորգին հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, որ նա լիարժեք որպես հայ քրիստնյա ազգ, առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ։ Մեր համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրեն ու դաստիարակել։ Մենք ավանդական ազգ ենք. Սկսած Ծառուկյանից, մեզ համար դա անընդունելի է»։
Անդրադառնալով «օրենքով գողերի մասին» նախագծին՝ Ծառուկյանը նշեց.«Պետք է շեշտադրումը անեն, թե որ հանցանքի համար, որն է հանցանք օրենքով սահմանված կարգով, որ պատժելի լինի: Թե չէ օդի մեջ գրելով, էդտեղ հիմնավորումներ չկան: Եկեք խստացնենք, երկու տարին դարձնենք 5 տարի, 10 տարի, բայց ինչ-որ մարդու իրավունքներ կան, կա հանցանք: Պետք է հանցանք, հանցակազմ լինի, որ մարդու իրավունքների խաթարում չլինի»։
