ArmDaily.am-ի տեղեկություններով Կոտայք ՋՕԸ-ում այսօր միջադեպ է տեղի ունեցել։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի ժ/պ, ով վերջինիս մտերիմն է, սակայն գյուղացիների կողմից դիմադրության է արժանացել, ծեծկռտուք է սկսվել, ինչն ավարտվել է դանակահարությամբ։ Մեր տեղեկություններով ոստիկանության «Նաիրի» բաժանմունքի ոստիկաններին հենց Ռոմանոս Պետրոսյանն է կանչել դեպքի վայր։
Մեզ հայտնի դարձավ, որ դանակահարությունը թաքցնելու համար այն ոստիկանությունում գրանցել են որպես քաշքշուկ՝ քրեական գործից խուսափելու համար։
ArmDaily.am-ի հետ զրույցում մարզպետը նշեց, որ այդպիսի բան չի կարող լինել.«Ոչ, նման բան չի եղել։ Չի էլ կարա լինի, քանի որ ՋՕԸ-ի պետին նշանակում է Վարչխորհուրդը»։ Դիտարկմանը, որ մենք տեղեկություններ ունենք, որ ինքն է ոստիկանության «Նաիրի» բաժանմունքի ոստիկաններին կանչել դեպքի վայր, Պետրոսյանը հերքեց և նշեց,
որ դա ուրիշ միջադեպ է և կապ չունի պետի կամ նմանատիպ նիստի հետ. «Ես չեմ կանչել ոստիկանություն, դա առանձին միջադեպ է: Դրա մասին առանձին հաղորդագրություն կտա ոստիկանությունը կարծում եմ ավելի ուշ»։ Պետրոսյանը նշեց ,որ ավելացնելու ոչինչ չունի.«Ոչինչ չունեմ ավելացնելու, քանի որ իրավական գործընթաց կա՝ իր ժամանակին կիմանաք։ Բայց հերքում եմ նոր պետի նշանակման կամ առհասարակ Ձեր կողմից առաջ քաշված վարկածի հետ այդ միջադեպի առնչությունը»։
