Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Նա իր հայտարարության մեջ նշել է հրաժարականի մի շարք պատճառներ։ Մասնավորապես, Հայկ Հովհաննիսյանը գրել է, թե ԲԴԽ-ի գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին, իր կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում։
Հայկ Հովհաննիսյանը ԲԴԽ նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանի կադրերից է, նրա աջ ձեռքը։ Հովհաննիսյանի պաշտոնավարման նշանակալից դրվագները կապված են նրա դատավորատյաց հայտարարությունների հետ։ Դատական համակարգում նա ամենաանընդունելի ԲԴԽ անդամն է, շատ հաճախ բազմաթիվ դատավորներ պնդել են, որ Հովհաննիսյանը պետք է հրաժարական տա։
Նա ԲԴԽ միակ անդամն էր, որը դատարանների մուտքերը փակելու Նիկոլ Փաշինյանի կոչը ողջունել էր՝ նշելով, որ այն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Մեկ այլ ուշագրավ դրվագ, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյան հայտարարել է, թե եթե դատավորն ունի կոռուպցիոն հակումներ, ուրեմն պետք է 2 բան անել, կամ օպերատիվ հետախուզական միջոցներով պարզել այդ կոռուպցիոն հակումները,անձին ձերբակալել և անարգանքի սյունին գամել, կամ անել կաշառքի պրովոկացիա։ Փաստացի նրա այս հայտարարությունը առնվազն անտեղյակության, եթե ոչ անգրագիտության հետեւանք է, քանի որ փաստացի ԲԴԽ անդամը չգիտի, որ Հայաստանում քրեորեն պատժելի արարք է համարվում կաշառքի պրովոկացիա անելը։ Բացի իրավական անգրագիտությունից՝ այս հայտարարությունը նաեւ խնդիրներ է առաջացնում էթիկայի դաշտում:
Հովհաննիսյանը երբեք չէր թաքցնում իր նկրտումները դատավորներին ամբողջովին վերահսկելու, պատժելու, պլաններ էր մշակել ԲԴԽ ղեկավար դառնալու կամ գոնե Վճռաբեկի պալատի նախագահ։
Իշխանափոխությունից հետո, սակայն, Հովհաննիսյանը «դիսկոմֆորտի» մեջ էր, ասում են՝ ԲԴԽ-ում իր փառահեղ անիրականանալի գաղափարները իրականացնելու համար հանդիպում էր պատնեշի, նրան ամբողջովին մեկուսացրել էին գործընթացներից, այլեւս նրա խոսքը նախկինի կշիռը չուներ։ Օրինակ՝ եթե նախկինում նրա կարծիքը շրջադարձային էր որոշումներ կայացնելիս, ապա այժմ Հովհաննիսյանը «սպիտակ ագռավ» է դարձել, ԲԴԽ անդամները եթե ասում են՝ մածունը սպիտակ է, Հովհաննիսյանը պնդում է, թե այն սեւ է եւ այդպիսի կառուցողական մթնոլորտում շարունակում էին աշխատել։ Կամ, օրինակ, եթե քննարկվում է որեւէ դատավորի վարքագիծ եւ ակնհայտ են դատավորի էթիկայի կանոնները խախտելու առերեւույթ հատկանիշները, Հովհաննիսյանը ստանձնում էր դատավորապաշտպանի դեր՝ մոռանալով երբեմնի հայտարարությունները։
Ի դեպ, չի բացառվում, որ Հովհաննիսյանը չպնդի հրաժարականի իր դիմումը, ասում են՝ այժմ ինտենսիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի իրեն խնդրեն մնալ եւ աշխատել, սակայն ԲԴԽ-ում էլ հակված չեն նման զոհողությունների։
