Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, կձևավորվի առաջիկա շաբաթներին։
ArmDaily.am-ի հետ զրույցում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանն ասաց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի համապատասխան այն հանդիսանալու է գործող էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը, սակայն, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միանգամայն նոր սկզբունքով է կազմավորվելու, ունենալու է ինքնավար մարմնի կարգավիճակ, հետևաբար, ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածին համապատասխան՝ դրա անդամներին նշանակելու է Ազգային ժողովը՝ ընտրության միջոցով՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
«Հանձնաժողովի 5 անդամներից 3-ի նշանակման պահից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհամարվի կազմավորված և այդ փաստի ուժով Բարձաստճան անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը կդադարի»։
Անդրադառնալով հարցին, թե որքանով է իրականությանն համապատասխանում տեղեկատվությունը, որ հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն հենց ինքն է՝ Շաթիրյանը տեղեկացրեց, որ իրեն զանգահարել են խմբակցության ղեկավարի գրասենյակից և հրավիրել են հանդիպման։
«Երեկ «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում հանդիպում է եղել, տեղի է ունեցել հարցուպատասխան, կարծում եմ հարցուպատասխանի արդյունքում խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, իր դիրքորոշումը կարտահայտի»,-ասաց Շաթիրյանը։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը ընդունվել է 2017 թ-ի հունիսի 9-ին, ըստ այդ օրենքի՝ ի թիվս այլ կարգավորումների՝ մանրամասն սահմանվել են նոր ձևավորվելիք հանձնաժողովի լիազորությունները, ըստ այդմ՝ թիվս Էթիկայի հանձնաժողովին վերապահված լիազորությունների ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կիրականացնի նաև բազմաթիվ այլ լիազորություններ։
