Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը:
ԱԳՆ-ի ներկայացրած տեղեկանքում նշվում է, որ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2019թ. մայիսի 29-ին:
Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածում, որով սահմանված են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու դրույթները:
Մասնավորապես, նախատեսվում է ԵՏՄ պետությունների ղեկավարների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռի մաքսային զննումից հավասարապես ազատել նաև ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը:
Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել վերը նշված հոդվածով սահմանված ՀՀ այն պաշտոնատար անձանց ցանկում, որոնց անձնական ուղեբեռը ևս ենթակա չէ մաքսային զննության:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր եւ միաժամանակ գտնում է, որ Արձանագրությունում վավերացման ենթակա դարձնող հիմքեր առկա չեն:
