Կառավարությունը վաղը «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն տրամադրելու մասին» որոշում կընդունի։ Հարցն ընդգրկված է չզեկուցվողների մեջ։
Սույն որոշման ընդունման նպատակն է թույլատրել Սերբիայի Հանրապետությունում գրանցված «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությանը Սերբիայի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնել «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» և «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակները:
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) աջակցելու նպատակով Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի խորհուրդը 2017թ․ հուլիսի 6-ին հաստատել է Հայաստանի Հանրապետությանը 5,15 մլն․ եվրո ներդրումային դրամաշնորհի (այսուհետ՝ Դրամաշնորհ) տրամադրումը՝ նպատակ ունենալով ճանապարհաշինարարական և կարողությունների զարգացման միջոցով Հայաստանում բարելավել ճանապարհային անվտանգությունը։
2018թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) միջև ստորագրվել է «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին տեխնիկական աջակցություն» համագործակցության համաձայնագիրը՝ համաձայն որի Դրամաշնորհի շրջանակներում ԵՆԲ-ը խորհրդատվական ծառայությունների տեսքով Ծրագրին տրամադրել է 650,0 հազ․ եվրո առավելագույն բյուջեով տեխնիկական աջակցություն։ Տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների վտանգավոր տեղամասերի նույնականացում, ուսումնասիրություն, բարելավման աշխատանքների նախագծում, աշխատանքների իրականացման տեխնիկական հսկողություն, ճանապարհային անվտանգության աուդիտորների ուսուցում, ճանապարհների նախագծման գործող ստանդարտների վերանայում՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրամիության ստանդարտներին և միջազգային լավագույն պրակտիկային համապատասխանեցնելու նպատակով:
Սերբիայի Հանրապետության օրենսդրության համաձայն «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությունն իրավունք ունի զբաղվել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն գործունեության տեսակներով: Մասնավորապես Սերբիայի Հանրապետության շինարարության, տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարության 28.03.2017թ. թիվ 351-02-00294/2017-07 որոշմամբ ընկերությունն արտոնագրված է մշակելու նախագծային փաստաթղթեր երևեկության կանոնակագրման և այլ բնագավառներում՝ 1-ին, 2-րդ կարգի ճանապարհների համար: Միաժամանակ «Պլանավորման և շինարարության մասին» Սերբիայի Հանրապետության օրենքի 153-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն տեխնիկական հսկողություն կարող են իրականացնել այն անձինք, ովքեր համապատասխանում են արտոնագրված նախագծողների համար օրենքով նախատեսված պահանջներին (հիմքերը կցվում են):
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով, որ «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությունն ունի վերոհիշյալ գործունեության տեսակներով զբաղվելու համար Սերբիայի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը, կարողությունները, ուստի նախագծով առաջարկվում է թույլատրել «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությանը Ծրագրի շրջանակներում իրականացնել «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեությունը՝ տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ տրանսպորտային ուղիներ և տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ բնագավառում և «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեությունը՝ տրանսպորտային բնագավառում:
Իրավական ակտի ընդունման արդյունքում «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությունը ձեռք կբերի «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» և «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք, ինչը հնարավորություն կտա ապահովել ծրագրի բնականոն ընթացքը:
