Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի՝ Հայաստանի խաղաղ բնակչության ուղղությամբ արված կրակոցների մասին հարցին, ասաց. «Մենք այսօր էլ նշել ենք, որ Արցախի գոտում որոշակի լարվածություն կա, կրակոցներ որքանով գիտեմ, երկու կողմից էլ լինում են։ Եթե Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ գտնում է, որ այդ հարցը պետք է դրվի քննարկման, ապա ունի դրա իրավունքը։ Բայց ես չեմ լսել, որ Հայաստանը այդ հարցը դնի քննարկման»:
Զատուլինի այս խոսքերը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով նշեց, որ ինքը անձամբ այս հարցով չի դիմել ՀԱՊԿ և տեղյակ չէ՝ ՀՀ-ն պաշտոնապես դիմե՞լ է, թե՝ ոչ: Հարցին՝ այսօր բարձրացնելո՞ւ է այդ հարցը այսօրվա նիստին, Սիմոնյանը նշեց, որ ինքն այսօր այլ հարց է զեկուցում.«Այս հարցը բարձրացվել է և՛ մեր իշխանությունների օրոք, և՛ նախկին»:
Ադրբեջանին՝ ՀԱՊԿ մի շարք երկրների կողմից զենքի մատակարարման հարցին անդրադառնալով, Սիմոնյանը նշեց.«Մեր առաջին հանդիպման ժամանակ, թե՛ պարոն Զատուլինի հետ, թե՛ այլ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այս հարցը բարձրացվել է, խնդիրը մինչև օրս չի լուծվում, և նույնիսկ վարչապետի կողմից այս հարցը բարձրացվել է: Իսկ իրենց արձագանքը մշտապես նույնն է»:
Հարցին՝ այսինքն Զատուլինը ստո՞ւմ է, Սիմոնյանը նշեց, որ սխալ է համարում նման ձևակերպումները դիվանագիտական միջոցառման ժամանակ:
ԱԺ փոխնախագահը հարցի լուծումը ՀԱՊԿ-ից դուրս գալը չի համարում.«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններ չեն եղել և չեմ կարծում, որ դա ճիշտ է: Մենք պետք է հասկանանք միանշանակ, որ ՀԱՊԿ անդամ պետության կողմից մեկ այլ պետությանը զենք վաճառելը, որը որ կոնֆլիկտային վիճակում է գտնվում, ուղղակի անընդունելի է ՀՀ-ի համար: Եկեք պատկերացնենք հակառակը՝ ՀՀ-ն զենք վաճառեր այլ երկրի, ով խնդիրներ ունի այլ ՀԱՊԿ երկրի հետ, ինչ արձագանք կստանար:Խնդիրը կա, մենք փորձում ենք լուծումներ գտնել, ոչ թե լոզունգներով խոսել»:
