ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանն հրաժարվել է փաստաբանների ծառայությունից։
ArmDaily.am-ի հետ զրույցում Ֆարմանյանի նախկին փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իրենք նպատակահարմար չեն գտնում իրավական պաշտպանություն իրականացնել։
«Նա հրաժարվել է փաստաբանների մատուցած ծառայությունից այն ժամանակ, երբ որոշվեց, որ կալանավորման միջնորդություն պետք է ներկայացվի։ Դատական նիստին այլևս չենք ներկայացել, որովհետև արդեն չէիք ներկայացնում նրա շահերը։ Այդ ժամանակ արդեն նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված, գրեթե միաժամանակ կալանավորման միջնորդություն է ներկայացվել»,-ասաց փաստաբանը։
Սամվել Ֆարմանյանն ArmDaily.am-ին տեղեկացրեց, որ փաստաբանները մասնագիտական անելիք չունեն մի իրավիճակում, որտեղ իրավունքն ու օրինականությունը ընդամենը հետապնդումների բութ գործիք են իշխանությունների ձեռքին։
«Ինչ պիտի անեն փաստաբանները, նրանք պետք է վիճարկեն, պիտի ցույց տան հարուցված քրեական գործի և դատավարական ընթացակարգերի խախտումները, որ ի՞նչ լինի, որ հետո հիմքեր պետք է հավաքեն և ներքին ընթացակարգերը սպառելուց հետո դիմում ներկայացվի ՄԻԵԴ՝ ընդդեմ ՀՀ-ի։ Մեր կողմից երբևէ որևէ իրավիճակում բացառվում է, որ հայց ներկայացվի ընդդեմ ՀՀ-ի։ Ուստի փաստաբաններն իրականում անելիք չունեն, խնդիրը երկրի ներսում է և ներսում էլ կլուծվի»,-ասաց Ֆարմանյանն՝ ընդգծելով, որ ավելացնելու որևէ բան չունի և այլևս այս թեմայով որևէ հարցի չի պատասխաելու։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին բավարարել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Նա ՀՀ Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից դիպլոմների, դրանց միջուկների պատվիրման եւ տպագրման պատրվակով 2013-2016թթ ընթացքում հավաքագրել է 19.409.500 ՀՀ դրամ եւ խարդախությամբ հափշտակել այն:
Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին:
Նրա անձնական երաշխավորությունը ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:
Մարուքյանն ու Զոհրաբյանը ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 500.000-ական դրամ են մուծել։
Փաստաբան Խուդոյանն ասաց, որ այն գումարը, որ նրանք վճարել են, բռնագանձվում է պետությանը։ «Եվս մեկ պատասխանատվության գործիք կա, դա քրեական պատասխանատվությունն է, որը կիրառվում է, երբ անձինք չարամտորեն չեն կատարում իրենց պարտականությունները, այսինքն չեն փորձում կապ հաստատեն, անձի հետ։ Սակայն չեմ կարծում, որ իրենց մասով այդ խնդիրը կա»,-ասաց Խուդոյանը։
