Որպես իրավաբան ասեմ, որ այդտեղ դատավորի ինքնաբացարկի հիմքեր չկան, ինքնաբացարկի հիմքերը սահմանված են դատական օրենսգրքում ու իմ գործունեությունը սահմանված հիմքերից որևէ մեկի տակ չի ընկնում։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Դավիթ Արղամանյանը՝ անդրադառնալով հորը՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Արդարադատության նախարարությանն ուղղված պահանջին։
Արղամանյանն ասաց, որ իր քաղաքական կողմնորոշումը որևէ կերպ չէր կարող ազդեցություն ունենալ հոր դիրքորոշման վրա։ «Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հայրս հետաքրքրվո՞ւմ է քաղաքականությամբ՝ ապա ասեմ, որ ոչ, բացառվում է։ Իսկ ես Քոչարյանի դատավարության ժամանակ կանգնած եմ եղել ժողովրդի կողքին այնպես, ինչպես հեղափոխության օրերին»,-ասաց նա։
Անդրադառնալով ինքնաբացարկի հիմքերին, փաստաբանը նշեց, որ դատավոր Մհեր Արղամանյանն այդ հարցին չի էլ անդրադարձել, քանի որ միջնորդությունը փաստաբանները չեն հասցրել ներկայացրել դատարանին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վիճարկում է դատավորի գործունեությունը, քանի որ վերջինը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ չի ներկայացրել, իսկ ինքնաբացարկ հայտնելու մասին ներկայացված միջնորդություններն էլ քննության առարկա չի դարձրել: Փաստաբանները պնդում են, որ Արղամանյանը պետք է ինքնաբացարկ հայտներ և չքններ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը, քանի որ որդին՝ Դավիթ Արղամանյանը, քաղաքականապես ակտիվ անձ է, սերտ առնչություն ունի իշխանական «Իմ քայլը» դաշինքի հետ, եղել է նույն դաշինքի պատգամավորական թեկնածուների թվում, մասնակցել է ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիաներին՝ պահանջելով ազատ չարձակել նախկին նախագահին:
