ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» -ի դատական գործը, զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին արձանագրել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ խառնաշփոթ է ստեղծել, անգամ բողոքող կողմի փաստաբանն է արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի որոշումն ավելի խիստ է, քան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները։
«Եվրադատարանի մի շարք որոշումներում նշվում է, որ փաստերը և գնահատվող դատողությունները դատարանների կողմից պետք է տարանջատվեն։ Եթե փաստերը ենթակա են ապացուցման, ապա գնահատող դատողութուններն ապացուցման ենթակա չեն։ Վճռաբեկ դատարանի որոշումը հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին։ Բանն այն է, որ ընդհանուր առմամբ, Վճռաբեկ դատարանը ճիշտ մոտեցում է ցուցաբերում՝ պահանջելով, որ փաստերը ստուգված լինեն, բայց փաստերի համապատասխանեցումը իրականությանը վերաբերում է զրպարտությանը։ Հետևաբար, եթե լրատվամիջոցը՝ այս դեպքում «Արմենիան» ոչ ճիշտ տվյալներ է հրապարակում , նշանակում է՝ զրպարտել է քաղաքական գործչին։ Այստեղ պետք էր խոսել այն մասին, թե զրպարտություն կա, թե ոչ։ Դատարանը ևս մի խնդիր էր դնում, այն է՝ լրագրողը և լրատվամիջոցը պետք է նաև երկրորդ կողմին լսի։ Դա, իհարկե, լրագրողի սուրբ պարտականությունն է, սակայն սա չի նշանակում, որ գնահատող դատողությունը պետք է ապացուցվի որևէ կերպ։ Այս առումով պահանջելով, որ դատողությունը ապացուցվի՝ Վճռաբեկ դատարանի որոշումը հակասում է Եվրոպական դատարանին»,-ասաց Մելիքյանը։
Ըստ նրա՝ խառնաշփոթը հաղթահարելու համար, անհրաժեշտ կլիներ որոշ մեկնաբանություններ Սահմանադրական դատարանից, բայց «քանի որ ՍԴ-ն խոր ճգնաժամի մեջ է, կարծում եմ, որ մեզանում գերակայողը կլինի Եվրոպական դատարանի մոտեցումը»։
Մելիքյանը դիտարկմամբ՝ նման որոշման հիմք է դարձել լրատվական ոլորտում առկա իրավիճակը։
«Սակայն այստեղ խնդիր կա, հոնքն ուղղելու փոխարեն՝ աչքն էլ չհանելու», այսինքն խոսքի ազատությանը վնաս չհասցնելու։ Կարծում եմ, Վճռաբեկ դատարանը հաշվի էլ չի առել բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ Եվրադատարանի նախադեպային որոշումները»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս վճռից հետո կարող են ավելանալ լրատվամիջոցների դեմ դատական հայցերը՝ Մելիքյանը նշեց, որ առանց այդ էլ այս տարի լրատվամիջոցների նկատմամբ դատական հայցերը բավական շատ են։
«Այս տարի ամենաշատ դատական հայցերն են եղել 2010 թ-ից ի վեր, երբ ապաքրեականացվեց վիրավորանքն ու զրպարտությունը։ Ամեն դեպքում՝ Վճռաբեկ դատարանի այս որոշումը մտահոգությունների առիթ է տալիս»,-ասաց նա։
