Իռլանդական Ryanair լոուքոսթերը 2020-ի հունվարից Երևանից դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին, և Գյումրիից՝ Մյունխեն թռիչքներ կսկսի։ Այս մասին այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ryanair» ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը:
Տոմսերի արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ կլինեն։
«Եթե համեմատեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերության սակագների հետ, այս 130 հազար ուղեւորները 20 միլիոն եվրո խնայողություն կանեն»,- ասաց ընկերության կոմերցիոն ղեկավարը:
Այս տարի ընկերությունը սպասարկելու է 150 միլիոն հաճախորդի, իսկ մյուս տարվա ընթացքում դրանց քանակն ավելացվելու է մինչեւ 200 միլիոն: Ryanair-ը բաղկացած է չորս ավիաընկերություններից:
«Հուրախություն մեզ՝ այլևս չեն աշխատում սովետական համակարգում, երբ ավիաընկերության գները որոշվում էին որպես 5 տարվա պլանի մաս: Այն մարդիկ, ովքեր որոշում են մեր գները, իրականում մեր հաճախորդներն են: Ի տարբերություն մյուս ավիաընկերույթունների՝ մենք «լցնում» ենք օդանավը՝ անկախ նրանից, թե ինչքան կլինի, ինչը երաշխավորում է, որ գներն էժան կլինեն: Տարվա կտրվածքով Ryanair-ի տոմսերի միջին գինը 35 եվրոյի կարգի է», - ասել է նա:
Նշենք, որ դեռ այս տարի գարնանը AD TV «Հարցազրույց» հաղորման ընթացքում Քաղավիացաիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը տեղեկացրել էր, որ Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել Հայաստան։
