ՀՀ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Սիրիայի Դամասկոս քաղաքում գտնվող ՀՀ դեսպանության և Հալեպի հյուպատոսության հետ։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Սիրիայի հյուսիսային շրջաններ Թուրքիայի ներխուժմանն ասաց, որ մշակվում և ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր ցանկություն են հայտնել տեղափոխվել հյուսիսային շրջաններից՝ նրանց այդ հարցում աջակցություն ցուցաբերվի։
«Մենք օպերատիվ տվյալներ ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչությունից՝ տեղում մեր հայրենակիցների իրավիճակի վերաբերյալ։ Ըստ տեղեկությունների՝ Սիրիայի հյուսիսում հայերի թիվը կազմում է 3000 մարդ, ովքեր հիմնականում կենտրոնացած են Քամիշլիի և Մալիքիյա շրջաններում։ Առ այսօր այս բնակավայրերի մոտակայքում ռազմական բախումներ չկան։ Ուստի ներկայում դրված չէ այս բնակավայրերից հայերի տարհանման հարցը, ինչը բավական ակտիվ քննարկվում է այս օրերին»,-ասաց Նաղդալյանը։
