AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում Էներգետիկ անվտանգության համալսարանի նախագահ Վահե Դավթյանը, խոսելով Հայաստանում կայացած ԵԱՏՄ նիստի մասին, նշեց, որ այն կարելի է անվանել աննախադեպ.«Քանի որ այն անցկացվում էր ընլայնված կազմով, մասնակցում էին ողջ ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները, ինչը վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ-ն՝ որպես աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական միավոր, սկսում է ընդլայնվել և այն գաղափարը, որը դրված էր այս միության հիմքում 2010-2013 թվականներին, կամաց-կամաց սկսում է կյանքի կոչվել»:
Խոսելով Փաշինյան-Պուտին երկու հանդիպումների մասին և խոսելով գազի գնի բարձրացման մասին, Դավթյանը նշեց.«Եթե գազի գնի բարձրացման կամ զսպման մասին է խոսքը գնում, փորձենք տեղավորվել տնտեսական տրամաբանության շրջանակներում, ապա կարելի է պնդել, որ գազի գնի աճն անխուսափելի է 2020 թվականին: Գազի շուկան, որպես ինքնուրույն միավոր, դեռ չի ձևավորվել և ուղղակիորեն գտնվում է նավթի շուկայում ձևավորվող միտումներից կախվածության մեջ: Եվ սրա հետ մեկտեղ մենք ականտես ենք լինում տենդենցի, երբ Ռուսաստանից արտահանվող բնական գազը թեև 2018 թվականին արդեն լուրջ աճ արձանագրեց, իսկ գնային մասով այն բարձրացավ 25 տոկոսով՝ հասնելով համաշխարհային կտրվածքով 240 դոլարի: Բայց 2019-ին առկա է բավականին լուրջ անկում, որը պայմանավորված է մասնավորապես Եվրոպայում առկա որոշակի փոխակերպումներով, ինչպես նաև տաք եղանակը, որը առկա էր Եվրոպայում այս ձմռանը: Սա բերեց ռուսական գազի գնի նվազեցմանը: Մյուս կողմից համաշխարհային շուկայում ի հայտ է եկել այնպիսի խաղացող, ինչպիսինն է ԱՄՆ-ն և այդ երկու հսկաները մրցում են ոչ միայն աշխարհաքաղաքական ոլորտում, այլ նաև գազատրանսպորտային ոլորտում: Ռուսաստանն էլ որպեսզի մրցունակ լինի եվրոպական շուկայում փորձում է որաշակի կոմպենսացնող մեխանիզմներ մշակել, մասնավորապես ասիական շուկաներում, ինչպես նաև հետխորհրդային երկրներում»:
