Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ քարտուղարության եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջեւ համագործակցության ծրագրերի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ քարտուղարության հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը։
Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում փոխործակցության հնարավորություններին, ինչպես նաեւ կարեւորեցին ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում համատեղ ծրագրերի իրականացումը։
Գլխավոր քարտուղարի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը:
Երկուստեք դրական գնահատվեց վերջին ամիսներին լարվածության հարաբերական նվազումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է զինադադարի ամրապնդման եւ լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման եւ ամրապնդման միջոցով։ Շեշտվեց նաեւ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ հետեւողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:
