Սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը 31 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է ԱՄՆ։ Վարչապետի գործուղումների մասին որոշումների մեջ նշված է, որ պատվիրակության ծախսերը՝ ճանապարահածախս, գիշերավարձ, մուտքի արտոնագրի վճար, հոգալու է պետությունը։
ArmDaily.am-ը սեպտեմբերի 18-ին հարցում էր ուղարկել Կառավարություն, խնդրելով տրամադրել տեղեկություն, թե որքան գումար է ծախսվում պետբյուջեից ԱՄՆ այցի համար, ինչպես նաև հնարավորինս մանրամասնել, թե որքան են արժեցել ավիատոմսերը, հյուրանոցը, օրապահիկը, մուտքի արտանագրի վճարը՝ պատվիրակության անդամներից յուրաքանչյուրի համար։ Այսինքն լրատվամիջոցն ակնկալում էր մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր անդամի վրա ծախսված գումարի մասով։ Կառավարությունն այսօր պատասխանել է մեր հարցերի մի մասին։ Սակայն մինչ մեզ պատասխանելը, մեր հարցման հնարավոր պատասխանը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տեղադրել է իր էջում։
Կառավարության պատասխանը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի։ Այցի առնչությամբ ֆեյսբուքի իր էջում մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Վարչապետի այցի մյուս ծախսերի հետ կապված տեղեկություն հնարավոր կլինի տրամադրել միայն այցի ավարտից հետո, հաշվի առնելով, որ ամբողջական ծախսը ձևավորվում է համապատասխան փաստաթղթի ներկայացման և հաշվարկման արդյունքում»։
Չէինք կամենա անդրադառնալ այս խնդրին մինչ լրացուցիչ տեղեկությունների ստացումը, սակայն այստեղ գործ ունենք մեկ այլ խնդրի հետ։ Կառավարության իրավասու պաշտոնյաների մոտ լրատվամիջոցների հարցումներին հավուր պատշաճի չպատասխանելը կարծես ավանդույթ է դարձել։
Նախ, արձանագրենք, որ գործադիրում հակված են առավելապես գրավոր հարցումների տարբերակով շփվել լրագրողների հետ, ինչը բնականաբար ազդում է տեղեկատվության օպերատիվության վրա։ Վստահ ենք, հարցումների մեծ մասին հնարավոր է պատասխանել բանավոր և առանց հետաձգման։ Երկրորդ, նույնիսկ գրավոր հարցումների պայմաններում դրանց սպառիչ չեն պատասխանում, տեղեկատվությունը տրամադրվում է թերի, շատ հաճախ շրջանցվում են «անցանկալի» փաստերը։ Լինում են նաև դեպքեր, երբ հարցված տեղեկատվությունը հատուկ չի տրամադրվում լրատվամիջոցին, ամենայն հավանականությամբ խտրական վերաբերմունքից ելնելով, և արդյունքում լրագրողի և խմբագրության աշխատանքն ըստ էության դառնում է ապարդյուն։ Այդպես եղավ նաև այս անգամ, երբ մենք Անկախության տոնի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների մասին հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Անկախության տոնի առթիվ և որքան գումար է հատկացվելու դրանց կազմակերպման համար։ Կառավարությունը չպատասխանեց մեր հարցմանը, փոխարենը բոլոր հարցումները հավաքեց և հանդես եկավ մամուլի ասուլիսով։
Նշենք նաեւ, որ լրատվամիջոցների համար թափանցիկության և արդյունավետ համագործակցության առումով խնդիրներ են արձանագրվում ոչ միայն կառավարության աշխատակազմում, այլև շատ այլ պետական կառույցներում։ Մասնավորապես, օրերս մենք գրել էինք, որ մեր գործընկեր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ Ազգային ժողովին լրագրողական հարցումներին ոչ պատշաճ պատասխանելու պատճառով։
Ավելորդ չենք համարում պետական հաստատություններում աշխատող մեր գործընկերներին հիշեցնել, որ տեղեկատվության ստացումը ոչ միայն մեր իրավունքն է, այլև դրա տրամադրումը պետական մարմինների պարտականությունն է։ Մենք հավասարապես ենք պատասխանատու հանրությանը որակյալ և ճիշտ տեղեկատվություն տրամադրելու գործում։
Դուսյա Ղազարյան
