Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում, հայտնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ի լրատվական ծառայությունից:
«Վերլուծվում է դաշտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում հնարավոր է հանձնաժողովը հանդես գա օրենսդրական փոփոխությունների առաջարկով: Կատարվում են վերլուծություններ ավելի քան 3 տասնյակ կոնյակ արտադրող կազմակերպությունների առկա պաշարների, մթերվող խաղողի ծավալների և արտադրական հնարավորությունների վերաբերյալ: Նախատեսվում է դիտանցումներ իրականացնել կոնյակ արտադրող ընկերություններում՝ խաղողի մթերման, խմորման և թորման փուլերում: Անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ շուկայում վաճառվող և արտահանվող կոնյակները կենթարկվեն լաբորատոր հետազոտությունների: Հայաստանի Հանրապետություն տարեկան ներմուծվում է շուրջ 1 մլն լիտր կոնյակի սպիրտ: Հետևելու ենք, որպեսզի ներմուծվող կոնյակի սպիրտի հետագա օգտագործման ընթացքում բացառվեն անբարեխիղճ մրցակցության դրսևորումները: Տեղեկատվության հավաքագրման նպատակով համագործակցում ենք պետական այլ մարմիններ հետ: Որոշ տվյալներ մտահոգիչ են. մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք մթերվող խաղողի հայտարարվող ծավալները համապատասխանում են իրական պատկերին, թե ոչ: Հորդորում ենք արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող այլ գործողություններից: Ուսումնասիրություններն ավարտելուն պես արդյունքները կամփոփվեն, և հանրությանը կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում:
