ArmDaily.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականից։
Ինչպես հայտնի է, իշխանությունները նրա աշխատանքից դժգոհ էին, այդ դժգոհությունները արտահայտվում էին թե կառավարության նիստերի ժամանակ, թե փակ հանդիպումներին։ Ոստիկանական համակարգին լավատեղյակ աղբյուրը նշում է, որ բացահայտումների, հանցավորության ցուցանիշները խայտառակ են, չհաշված, որ այս ընթացքում համակարգը շատ թուլացավ՝ պայմանավորված հենց Օսիպյանի վախվորած գործունեության, սխալ քաղաքականության, վատ կադրային նշանակումների պատճառով։
Դրանից բացի՝ համակարգում տպավորություն կա, որ ոստիկանապետը չէր ցանկանում զեկուցել վարչապետին խնդիրների մասին՝ մտածելով՝ ղեկավարին ինչքան քիչ անհանգստացնի, այնքան լավ։ Մինչդեռ ստացվում էր, որ ամեն ինչ լավ է, Փաշինյանին համենայն դեպս այդպես են զեկուցում, իսկ վերջնարդյունքը վատ է։
Օսիպյանի, ինչպես նաեւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականների մասին բազմաթիվ վարկածներ դեռ կգրվի, կշրջանառվի։ Ասում են՝ Օսիպյանի հետ կապված Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, երբ խիստ հրահանգել է կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված նրա օգնականին հեռացնել։ Օսիպյանը, սակայն, ոչ միայն չի հեռացրել նրան, այլեւ վերջինիս հետ գնացել է Կառավարության նիստին, վարչապետը, տեսնելով նրան, զայրացել է՝ ասելով «ես քեզ ասում եմ հանի, դու բերում ես կողքս կանգնեցնում»։ Շատերը, իհարկե, կարծում են, որ թե այս դրվագը, թե կոնկրետ ցուցանիշների անկումը ոստիկանապետին հրաժեշտ տալու պատճառ չէր։ Կա նաեւ մեկ այլ վարկած, լավատեղյակ մեր աղբյուրը նշում է, որ թե ԱԱԾ, թե ոստիկանության ղեկավարների հրաժարականները եղել են Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից հետո։
Կարծիք կա, որ նրանց հրաժարականների հարցը հենց Սեֆիլյանենք են բարձրացրել՝ պայմանով, որ այդ դեպքում կսատարեն Փաշինյանին այս դժվար իրավիճակում, այդպես էլ կայացվել է քաղաքական որոշումը։
