Երեկ Արցախում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ էին։ Այս ընտրությունները կարեւոր փորձաքար են Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Արցախի ներկայիս իշխանությունները, առաջիկա ընտրություններին հայտ ներկայացրած ուժերը գոնե Ստեփանակերտում որեւէ մեկին չէին սատարում պաշտոնապես, համենայն դեպս այդ մասին հրապարակավ հայտարարություններ չեն եղել։
Ոչ պաշտոնապես, իհարկե, տարբեր մարդիկ տարբեր մոտիվացիաներով տարբեր թեկնածուների հետ աշխատում էին, բայց, ըստ էության, այս ընտրություններին ապաքաղաքական գործընթաց ստացվեց։
Պետք է արձանագրել, որ Արցախի ընդդիմությունը, նույնիսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձներից, աջակցությունից հետո, լուրջ թեկնածուներ չկարողացավ առաջադրել, արդյունքում՝ տարբեր տարածքներում հաղթեցին հասարակության համար ամենաընդունելի թեկնածուները, հաճախ անկուսակցականներ, որոնք, ըստ էության, հովանավորվում էին իշխանության տարբեր խմբերի կողմից։
Հատկանշական է, որ թե իշխանությունները, թե դիտորդները գոհ էին ընտրությունների արդյունքներից, խաղաղ, հանգիստ ընթացք, դասական հայկական ընտրությանը հատուկ մասսայական լցոնումներ, խմբերով քվեարկումներ, ցուցակով գումար բաժանել եւ նման երեւույթներ չեղան, ահազանգները, խախտումները շատ քիչ էին, արձանագրված դեպքերն էլ՝ թեթեւ։ Գոհացուցիչ էր նաեւ մասնակցության ցուցանիշը՝ ավելի քան 65 տոկոս, ինչի միջինից բարձր թիվ է եւ ցույց է տալիս, որ հասարակությունը սպասումներ ունի ընտրական ինստիտուտներից։ Սա նշանակում է, որ քաղաքական ուժերի, լիդերների համար լայն հնարավորություն կա մասնակցելու Արցախում իշխանության ձեւավորմանը ընտրությունների միջոցով, մնում է մինչեւ ընտրությունները չմսխել հանրային վստահության ռեսուրսը, տարիներով վաստակած հեղինակությունը չփոշիացնել, այս պարագայում հաստատապես կարող են արժանանալ արցախցու վստահության քվեին։
