7-րդ գումարման խորհրդարանը դեռ մեկ տարին էլ չբոլորած արդեն իսկ ճաքեր է տալիս։ Առաջին իսկ ոչ փոքր տրամաչափի փորձությունը՝ Ամուլսարի շահագործման հարցը միանգամից պայթեցրեց իշխանության միասնական լինելու մասին միֆերը։
Արդեն իսկ իշխանական մի պատգամավոր հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, եւ հնարավոր է, որ նրա օրինակին եւս հետեւողներ լինեն։
Սակայն, միասնականության հարցը խնդրահարույց է ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության ներսում, եթե, իհարկե, ԼՀԿ-ն իրեն այդպիսին համարում է։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արման Բաբաջանյանը լքում է ԼՀԿ խմբակցությունը, կուսակցությունը հայտարարեց, որ ակնկալում է պատգամավորից վայր դնել մանդատը։
Իսկապես, նման ակնկալիք ունենալը նորմալ է, սակայն հարց է՝ Բաբաջանյանը կհրաժարվի մանդատից, թե ոչ։
Պատգամավորը մանրամասն շարադրել է իր մտահոգությունները նոր Հայաստանի եւ հին համակարգերի, արտաքին քաղաքականության մասով՝ նշելով. «Այս պատճառներն ու գործոնները անհամատեղելի են դարձնում իմ աշխատանքը խմբակցությունում, քանի որ ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում, արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն»։
Միեւնույն ժամանակ, հայտարարությունից հասկանում ենք, որ պատգամավորը կառչած չէ մանդատից, նա նշել է, որ առաջիկայում կտեղեկացնի՝ արդյոք հրաժարվո՞ւմ է նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունը շարունակում է անկախ պատգամավորի կարգավիճակում:
Եթե Բաբաջանյանը պատգամավոր դարձած լիներ ռեյտինգային ընտրակարգով, ընդ որում՝ լիներ տվյալ տարածքում ամենաշատ ձայն ստացած պատգամավորը, ապա բարոյական իրավունք կլիներ ասելու, որ մանդատը վաստակել է հալալ քրտինքով։ Իսկ համամասանական ցուցակով պատգամավոր դառնալու դեպքում նման բան չես կարող պնդել։ Հետեւաբար՝ Բաբաջանյանը պետք է իրեն հարց տա՝ կունենար մանդատը, եթե առաջադրվեր ռեյտինգային ընտրակարգով առանց ԼՀԿ-ի դրոշի, թե ոչ։
Սա նման է ինչ-որ գույքի վերաբերյալ դատական վեճերը լուծելու հայտնի մեխանիզմին, երբ կողմերից յուրաքանչյուրին առաջարկում ես թղթի վրա գնել երկու գին՝ այն, որը պատրաստ ես վճարել այդ գույքի դիմաց եւ այն, որով ինքդ կվաճառեիր այդ գույքը։ Օրինակը տիպական է ցանկացած իրավիճակի համար, այդ թվում՝ քաղաքական։
