Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկում է, նա անցնում է տնից տուն, փողոցից փողոց, գյուղից գյուղ, զրուցում մարդկանց հետ, հարցուփորձ անում, թե ինչու չեն ցանկանում, որ հանքը շահագործվի, ներկայացնում իր դիտարկումները, փորձում համոզել եւ վստահեցնել, որ եթե հանքի շահագործմամբ բնությանը վնաս հասցվի, ապա իշխանությունները թույլ չեն տալու դրա շահագործումը։
Փաշինյանն, իհարկե, ամենադժվար կացության առաջ է, Ամուլսարի հարցում նա միայնակ է, որոշման պատասխանատվությունը՝ բացառապես իր ուսերին։ Թերեւս այդ գիտակցումով է վարչապետն այսօր շտապել Ջերմուկ, համաձայնենք, որ քիչ ղեկավարներ նման խնդրահարույց թեմայով կհամարձակվեին գնալ դեպքի վայր՝ հանդիպելու իշխանությունների դեմ օրեր շարունակ ցույց ելած քաղաքացիներին։ Չնայած իր բոլոր թերություններին՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի խորշում քաղաքացիների հանդիպել, լսել ոչ այնքան հաճելի խոսքեր, մեղադրանքներ, վիրավորանքներ։ Իսկ տարիներ ի վեր մենք տեսել ենք, թե ինչպես են վարվում վարչապետին կամ նախագահին մոտացող եւ հանդիմանող բողոքավորների հետ։
Ինչեւէ, Փաշինյանը միայնակ է Ամուլսարի հարցում, քանի որ նրա թիմում այդպես էլ չգտնվեցին պրոֆեսիոնալ կադրեր, որոնք կարող են նույնքան ազատ շփվել մարդկանց հետ, համոզել, զրուցել...պատգամավորների որեւէ թեմայի շուրջ արտահայտած կարծիքը լավագույն դեպքում ավարտվում է սկանդալով ոչ այնքան ճիշտ բառերի ընտրության պատճառով, ինչի մեղավորը, իհարկե, «մանիպուլյացիա անող լրատվամիջոցներն ու լրագրողներն են»։
Վարչապետի՝ քաղաքացիների հետ շփման մշակույթից, զրուցելու, լսելու, համոզելու կարողություններից ճիշտ կլինի դասեր քաղեն հենց իր թիմի անդամները, առաջին հերթին՝ իր գործունեության ընթացքում բազմիցս «կիքսեր» թույլ տված Վլադիմիր Կարապետյանը։
Օրեր շարունակ բազմաթիվ քաղաքացիներ ակցիաներ են անում իշխանությունների դեմ, Փաշինյանն իր այսօրվա այցով փորձում է կոտրել սառույցը, թույլ չտալ անջրպետի խորացմանը, մինչդեռ նրա խոսնակը հակված է էլ ավելի շիկացնելու լարված մթնոլորտը։ Նա նորից հիշել է հին թշնամիներին՝ հանցագործ ռեժիմին եւ նոր թշնամիներին՝ լրատվամիջոցներին, ովքեր այսօր ի պաշտոնե իր գործընկերներն են։
«Ո՞նց չեն արել, հանցագործ ռեժիմը, որոնց լրատվամիջոցները հիմա ամենաակտիվն են էստեղ, հիմա հանցավոր ռեժիմի սեփականատերերն իրենց լրատվամիջոցներով նստել են ստեղ եւ ուզում են աղավաղված ինֆորմացիա տալ»,-հանքի շահագործման հարցով հանրային լսումներ եւ ՇՄԱԳ կազմակերպելու հարցին ի պատասխան հայտարարել է Վ. Կարապետյանը։ Իսկ քաղաքացիները ավելի դիվանագետ, ավելի քաղաքավարի գտնվեցին, քան պաշտոնյան՝ նկատելով, որ իրենք լրատվամիջոցների հետ կապ չունեն եւ որ պետք է հարգել իրենց պահանջները։ Կարապետյանը բնականաբար անդրդվելի էր, միայն կրկնում էր՝ «ինչ եղել է, հանցագործ ռեժիմի ժամանակ է եղել»։
Նույնիսկ Փաշինյանը Ամուլսարի հարցով այդքան չի հիշում հանցագործ ռեժիմին, մեղադրանքներ չի ներկայացնում, քանի որ հասկացել է, որ դա անպտուղ աշխատանք է, այժմ որոշում կայացնելու բեռը իր ուսերին է, ընդունում է մարտահրավերը ու փորձում լուծել խնդիրը։
Իսկապես դժվար է վարչապետի վիճակը, լինել մեն մենակ ու բոլոր մեծ եւ միջին հարցերի լուծումը ու դրա պատասխանատվությունը կրել անձամբ, իսկ մի ամբողջ թիմ այդ ընթացքում ոչ միայն չի օգնում այլ, մեղմ ասած, խանգարում է եւ ողջ աշխատանքը ջուրը լցնում։
