ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Թատերական գործիչների միության վարչության նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանի մասին հուշերով կիսվել է ՀՀ ժովավրդական արտիստ Աշոտ Ղազարյանը:
ArmDaily.am-ի հետ զրույցում Ղազարյանը պատմում է.
«Ես և Երվանդ Ղազանչյանը լավ ընկերներ էինք: Նա հրաշալի մարդ էր, իսկ որպես արվեստագետ չեմ ասում՝ կարծում եմ, բոլորը գիտեն թե ինչպիսի բեմադրություններ ունի, ինչպիսի հրաշալի ռեժիսոր էր: Նա աննկարագրելի մարդ էր՝ բոլորին նվիրված, բարի, ժպիտը դեմքին, բոլորին հասնող: Ես շատ էի հարգում նրան: Չնայած տարիքային տարբերության, մենք ընկերություն էինք անում՝ հատկապես վերջին տարիներին: Նա մեր պատշգամբը սիրում էր, նստում էինք միասին, գարեջուր խմում: Շատ էր սիրում գարեջուր: Հումորով, համով-հոտով մարդ էր Ղազանչյանը: Այս կորուստն ու վիշտը ոչ միայն իր ընտանիքի համար է, այլ նրան բոլոր ճանաչող և չճանաչող մարդկանց համար: Մենք լավ արվեստագետ, լավ քաղաքացի ու մարդ կորցրինք: Նա իր աշխատանքին անմնացորդ նվիրված էր մարդ էր»:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Թատերական գործիչների միության վարչության նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանը:
Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից):
