«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Խորովածի ամենամյա փառատոնին և նշել, որ այն այս տարի չի կայանա։
Նա պատճառ նշել էր ֆինանսական դժվարությունները։
ArmDaily.am-ի հետ զրույցում Սեդրակ Մամուլյանը նշեց, որ սովորաբար երկար ժամանակ էին ունենում նախապատրաստվելու, որն այժմ չունեն. «Որոշակի գումար մենք էինք հայթհայթում՝ տաղավարներից, որոշակի օգնություն լինում էր նաև կառավարությունից։ Հիմա քանի որ նաև այլ ծրագրի մեջ ենք ներգրավված՝ հայ-վրացական, որն ավելի շատ ենք կարևորում, ժամանակի խնդիր ունենք այդ պատճառով։ Եվ ֆինանսական խնդիրներ էլ ունենք՝ այս անգամ պետական աջակցություն չկա»։
Խոսելով հայ-վրացական համագործակցության և սպասվող ծրագրից, Մամուլյանը նկատեց, որ գարնանից կապեր են հաստատել Վրաստանի իրենց գործընկերների՝ Վրաստանի «Խոհարարական ասոցիացիայի» հետ և մտադրություն կա իրար նման կերակրատեսակների փառատոն անել։
«Սրանով ուզում ենք վերջ տրվի այն անտեղի մեղադրանքներին և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի կողմից, թե որոշակի մշակության ժառանգությունը մեկս մյուսից գողացել է։ Շատ երկար շփվել ենք վրացիների հետ և չէին կարող կերակրատեսակներն իրար չնմանվեին։ Դրա համար որոշեցինք նման փառատոն կազմակերպել ու խորագիրն էլ «Միմինո»-ի գաղափարն օգտագործել, այդ թվում նաև կերակրատեսակների, որոնց անդրադարձ է կատարվել ֆիլմում, ինչպես նաև ջրերին»,-ասաց նա՝ հավելելով, որ փառատոնը մեկ տարի կանցկացվի Հայաստանում, մյուս տարի՝ Վրաստանում։
Քանի որ նախաձեռնությունը եղել է Հայաստանին, ապա առաջին կանցկացվի հենց մեր երկրում՝ Դիլիջանում, որտեղ կօգտագործվի «Միմինոյի» տարածքը, նաև արձանները, հաջորդ տարի կանցկացվի Վրաստանի Թելավի շրջանում։
«Սրա համար մեզ հարկավոր կլինի բավականին ռեսուրսներ։ Խորովածի փառատոնը 10 տարի արեցինք.Ախթալայի մասին մեր երկրում շատ քչերը գիտեին, էլ չեմ ասում՝ եկեղեցու մասին։ Եվ այդ տարիների ընթացքում մենք այդտեղ շարժ ստեղծեցինք, հանրահռչակվեց, եկեղեցին վերանորոգվեց, այնտեղ ջուր ու սանհանգույց կա, տուրիստների շարժ էլ կա։ Մեր առաքելությունն արված է, սակայն ավարտված չէ։ Մենք այնտեղի տեղական իշխանությունների հետ կապ ունենք և նրանք ասում են, որ իրենք իրենց միջոցներով կարող են ավելի փոքր մասշտաբների միջոցառում կազմակերպել, որը ողջունելի է»,-շեշտեց Մամուլյանը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահի խոսքով՝ նոր ծրագրի համար դեռևս պետական աջակցություն չկա, սակայն կարիքը կա։
Նրա տեղեկացմամբ՝ ծրագրում պետք է լինեն վրացական, հայկական երաժշտական խմբեր, հաղորդավարներ և այդ առումով մեծ բույջե է հարկավոր՝ 6-8 մլն դրամ։
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մեծ ոգևորությամբ ընդունեց այդ առաջարկը և խոստացավ ամեն ինչում աջակցել»,- ավելացրեց նա։
Հարցին, թե օրերս Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի վարչության պետ Գոհար Ալոյանը նշեց, որ գաստրոտուրիզմի ոլորտում աշխարհում առաջատար ենք, Մամուլյանը պատասխանեց , որ 2018 թվականին «National Geographic»-ը մեզ ընդգրկել է այդ ոլորտի հնգյակում։
Մամուլյանը ավելացրեց, որ պատրաստվում են Հյուրընկալման մշակույթի ակադեմիա բացել։
Դուսյա Ղազարյան
