ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի ունեցվածքը։
Ո՞վ է Էդուարդ Բաբայանը
Էդուարդ Վլադիմիրի Բաբայան, ծնվել է 1972 թվականի օգոստոսի 9-ին Վրաստանում: 1974 թվականից ընտանիքով տեղափոխվել են ՀՀ և հաստատվել Աբովյան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Աբովյանի N 9 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի մեքենաշինության տեխնիկումում: 1992-1993 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում: Արցախյան պատերազմի մասնակից է: Պատերազմի տարիներին մասնակցել է Լաչինի միջանցքի ազատագրմանը, Քարվաճառի ազատագրմանը։
2002 - 2006 թվականներին ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Պետական Համալսարանի՝ սպորտի մանկավարժության և կառավարման ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ է:
1979 թվականից առ այսօր զբաղվում է սպորտով արժանացել է բազմաթիվ մրցանակների:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել Կոտայքի մարզից ԲՀԿ ռեյտինգային ցուցակով։
Էդուարդ Բաբայանի մասին սկսեցին խոսել մամուլում աղմկահարույց դեպքից հետո։ 2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում ծեծի է ընթարկվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Ըստ տուժողի՝ նրան առաջին հարվածը հասցրել է Գագիկ Ծառուկյանը, այնուհետև՝ նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանը։ Դեպքի առիթով 2018 թվականի հուլիսին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվեց Էդուարդ Բաբայանը։ Օգոստոսի 21-ին նա կալանքից ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց ։
2019 թվականի ապրիլի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էվուարդ Բաբայանին դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն նա պատիժը չկրեց համաներման ակտի համաձայն։
Պատգամավորն ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։
Ունեցվածքը
Պատգամավորը հայտարարագիրը ներկայացրել է 2019 թվականի փետրվարի 13-ին։
Էդուարդ Բաբայանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 3 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 1 առանձնատուն, 1 հասարակական նշանակության շինություն, 1 հողին ամրակցված այլ շինություն և 4 ավտոտնակ։ Իսկ շարժական գույք՝ ավտոմեքենա հայտարարագրված չէ։
Նրա դրամական միջոցները կազմել են՝ 101,235,000.00դրամ, 400,530.00դոլար, 100,540.00եվրո, 1,069,000.00ռուբլի։
Բաբայանի եկամուտները կազմել են 370,660.00դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից։
Բաբայանի կնոջ՝ Նաիրա Սարգսյանի, հայտարարագիրը ներկայացված չէ։
Դուսյա Ղազարյան
